Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ստամոքսի պահանջը հարգելուց առաջ հարգենք մեր ազգային արժանապատվությունը

Ստամոքսի պահանջը հարգելուց առաջ հարգենք մեր ազգային արժանապատվությունը
15.07.2012 | 15:19

«Տոլմայի ավանդական» փառատոնին հրավիրված լրագրողներին «Սարդարապատի» հուշահամալիր տանող «Pressa» ցուցանակը կրող ավտոբուսի շարժվելուն չնայած ահագին ժամանակ կար, սակայն վերջինիս նստատեղերն արդեն զբաղեցրել էին զանազան տարիքի մարդիկ` հետներն էլ բազմաթիվ երեխաներ:

Մի կերպ բարձրացա հետևի դռնից` ներսում կարգադրություններ անող աղջկան նախապես ցույց տալով լրագրողի հավատարմագիրս` մասնավորապես բացատրելով նաև առաքելությանս նպատակը: Նա ինձ առաջարկեց տեղավորվել վերջին նստարանը զբաղեցնող երկու տարեց կանանց արանքում, որից ես եռանդով հրաժարվեցի: Մյուս լրագրողները, տեսնելով ավտոբուսի «պարունակությունը», չբարձրացան, բացի մի երկուսից, որոնք ինձ նման գերադասեցին գալ` ոտքի վրա մի կերպ կանգնած մնալով: Ինչևէ, ավտոբուսը շարժվեց: Ճանապարհին դիմացս նստած հարևանուհիներիս աշխույժ զրույցից իմացա, որ նմանատիպ «ուտելատեղերի» մշտական այցելուներ են: Ինչ մնում է մնացած «անկոչ» ուղևորներին, ապա ականջներիս հասնող նրանց հատուկենտ բառերը համարյա նույն` «ուտելու» թեմային էին առնչվում: Հասանք:
Սարդարապատում հրավերքը շքեղ էր, շուրջ 22 տաղավարներում ցուցադրվել էին տարատեսակ տոլմաներ, գինիներ, թխվածք, որոնք այս անգամ արդեն պետք է գնեիր` ամեն մեկի համար վճարելով նախապես սահմանված արժեքը: Դեռ տոնախմբությունը չսկսված՝ տաղավարներից մեկ-երկուսի մոտ, որտեղ տոլման անվճար էին հրամցնում, այցելուների մեջ մի այնպիսի հերթ, իրարանցում ու հրմշտոց սկսվեց, որ բաժանողները, ղալմաղալից և հետագա գլխացավանքից ազատվելու համար, իրենց իմացած ձևով մի քանի րոպեում թաքցրին կաթսաների պարունակությունն ու տոլմա ուզողներին, որպես պերճախոս պատասխան, ցույց էին տալիս դատարկ սկուտեղները: Այս վերջին փաստը հարուցում էր այն կանաց հիասթափությունն ու զայրույթը, ովքեր հատկապես եկել էին «ուտելու» և դեռ տուն տանելու համար էլ հետները համատատասխան տարաներ էին բերել:
Թող ինձ ներեն մնացած հյուրերն ու այցելուները և հավատան, որ այս տողերը ցավով ու տխրությամբ եմ գրել: Սա պարզապես տարիներ առաջ «Կարապի լճում» և «Հաղթանակ» զբոսայգում կատարված իրողությունն էր, որ կրկնվեց Սարդարապատում: Ինձ ուղղակի դժվար է հասկանալ՝ միթե՞ այդքան շատ են ստամոքսի ձայնին ականջալուր, սեփական որկորը սեփական արժանապատվությունից բարձր դասող մարդիկ, որոնց ամեն պահի որսում են նաև օտարերկրյա զբոսաշրջիկների լուսանկարչական ապարատների և տեսախցիկների ամենատես «աչքերը»: Ինչո՞վ ու ինչպե՞ս բացատրել, հասկանալ մեր ազգակիցների նմանօրինակ պահելաձևը, տաղավար վարողների հետ տարած նրանց կռվազան խոսակցությունը, ուտելու հանդեպ ցուցաբերած անհագ պահանջը: Մի՞թե քաղցած են: Չեմ կարծում:
Երևան վերադառնալու ամբողջ ճանապարհին այդ մտորումների մեջ էի, որին երբեմն- երբեմն հաջորդում էին երկու հարևանուհիներիս ականջ ծակող, հիասթափված ձայները. «Յա~ , բա ինչի՞ համար էին կազմակերպել, որ իրանց համար փող աշխատեն, գոնե նախապես ասեին էսքան ճափեն չգայինք: Մենք էլ գիտեինք անցած տարվա պես էր լինելու»: Այլևս չդիմացա. «Եկեք ստամոքսի պահանջը հարգելուց առաջ, հարգենք մեր ազգային արժանապատվությունը: Ամոթ է, միթե՞ ուտելու համար էիք եկել»: Ձայնս երևի բարձր էր, քանի որ ավտոբուսում անմիջապես ու երկար լռություն տիրեց:
«Չէ աղջիկ ջան, - ձեռքս բռնեց տարիքով մեկը (հետո իմացա` մոսկվայաբնակ): -Մեզ մոտ դեռ պահպանվել են դարավոր հյուրընկալության ակունքներն ու սովորությունները: Սրանք ուրիշ խավ են, ովքեր ստեղծվել են «ներքևում» և որոնց սովորույթները երբեք չեն սերմանվում և չեն տարածվում «վերևներում»: Նա ինձ ժպտաց այնպիսի ատամնաշող, բերկրալի ժպիտով, որ հիշում եմ որպես սփոփանք նաև այս պահին:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 6394

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ